Ինչ է պետք իմանալ ներառական կրթության մասին

Ինչ է պետք իմանալ ներառական կրթության մասին

Ի՞նչ է պատահել:

Մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: 2005 թվականին այդ գաղափարը նշանավորվեց համապատասխան օրենքի ընդունմամբ, որը հետագայում ընդգրկվեց Հանրակրթության մասին օրենքում:

12 տարի անց Հայաստանում ներառական կրթություն է իրականացվում 260 հանրակրթական ուսումնական հաստատությունում (հանրապետության դպրոցների 18%-ը), որոնցում ընդգրկված է շուրջ 6700 երեխա:

 
Ի՞նչ է ներառական կրթությունը:

Ներառական կրթությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և դրանց կարիքը չունեցող անձանց համատեղ ուսուցումն է՝ առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով:

 

Ըստ Հանրակրթության մասին օրենքի՝ ինչպիսի՞ կրթություն է նախատեսված:

 

  • հանրակրթական (պետական կամ մասնավոր դպրոցներում)
  • տնային ուսուցում (եթե առողջական վիճակի պատճառով նշված անձը ժամանակավորապես կամ մշտապես չի կարողանում հաճախել ուսումնական հաստատություններ)
  • հատուկ կրթական հաստատություններում (որոնք իրականացնում են կրթական ծրագրեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով)
  • բուժական հաստատություններում (եթե անձը երկարատև` ոչ պակաս, քան 21 օր, ստացիոնար բուժում է ստանում):
Ի՞նչ է անում պետությունը կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար:

Ստեղծում է համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույց, սպորտդահլիճ, դասասենյակներ, գույք, սննդի կազմակերպման վայր և այլն):

Ապահովում է մասնագիտացված թիմ (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ հոգեբան, լոգոպեդ):

 
Ո՞ւմ է ուղղված ներառական կրթությունը:

Ներառական կրթությունն ուղղված է խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային և խոսքի ընդհանուր թերզարգացում, լսողության, տեսողության, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաներին:

 
Ովքե՞ր են որոշում, որ երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի:

Այդ նպատակով ձևավորվում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք կազմում են համապատասխան եզրակացություն: Ըստ այդ եզրակացության` կառավարման պետական մարմինը (օրինակ, Երևանում՝ քաղաքապետարանը) վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։ Վկայագիրը հիմք է երեխայի կրթության ուսումնական հաստատությունն ընտրելու համար։

Երեխան կարող է օգտվել տնային ուսուցումից կամ գրանցվել դպրոցում: Հիմնական արգելքը ֆիզիկական և հոգեբանական է: Ծնողները հաճախ վախենում են,  որ հանրակրթական դպրոցում երեխան ապահովագրված չի լինի ֆիզիկապես ազատ տեղաշարժվելու, ուսուցիչների ու աշակերտների ոչ ադեկվատ վերաբերմունքից:

Ուսուցիչների հատուկ օգնականների մասնագիտական որակավորումն ու փորձը պիտի մեղմեն այդ անհանգստությունը:

 
Ի՞նչ իրավունքներ ունեն այդ անձինք:

Մեծ իմաստով՝ երեխան ունի իրավունք լինելու հասարակության լիիրավ անդամ, իսկ պետությունը պարտավորվում է պայմաններ ստեղծել այդ իրավունքը իրականություն դարձնելու համար:

Առաջին քայլը նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթության անվճար ապահովումն է, որը որոշ առանձնահատկություններից բացի հավասար է բոլոր ՀՀ քաղաքացիների համար:

Հատուկ խնամքի կարիք ունեցող ՀՀ պատանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են պետպատվերի շրջանակում (կամ օրենքով սահմանված այլ արտոնյալ հիմունքներով) ստանալ միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:

Պետությունն այդ իրավունքի երաշխավորողն է: