Հենց այս րոպեին. լրագրության պարտադրանք դարձած ավանդույթը

29.03.2019, Քննադատ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Հայաստանի բնակչության 77,7%-ը օգտվում է սոցիալական ցանցերից, իսկ 66%-ը սոցցանցերից է ստանում տեղեկությունների հիմնական մասը: Լրատվամիջոցները՝ ցանկացած տեսակի, զիջում է սոցցանցերին թե՛ լսարանի ծավալով, թե՛ ներգրավվածությամբ: Իսկ մրցակցելը ամենազոր Ֆեյսբուքի կամ Յություբի հետ թվում է կանխորոշված պարտություն:

Այսրոպեականության մշակույթը. պարտադրանքի վերածված ավանդույթ  

Լրագրության հետազոտման մեջ մի կարևոր հասկացություն կա՝ այսրոպեականության մշակույթ, այսինքն, ցանկացած լուր հնարավորինս արագ հաղորդելու ձևավորված ավանդույթ: Այս ավանդույթին հետևելը հեշտ բան չէ, հատկապես մեծ և արագ փոփոխվող իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էր, օրինակ, Թավշյա հեղափոխությունը:

Մինչև լրատվականը հասցներ Փաշինյանի և Սարգսյանի հանդիպման մեկնարկի մասին նյութը պատրաստել, խմբագրել, ստուգել և հրապարակել, հանդիպումը վաղուց ավարտված կլիներ: Օգնության է հասնում ուղիղ հեռարձակումը, այդ թվում՝ Յություբում և Ֆեյսբուքում: Բացի դրանից, կարելի է թարմացումները անել ֆեյսբուքյան գրառման տեսքով, այլ ոչ թե կայքում (ինչպես անում էր, օրինակ, EVN Report-ը):

Կարելի է նաև տեղեկություններ տրամադրել խիստ մասնատված՝ առանց համատեքստի: Կարճ ասած՝ օգտագործել ցանկացած հնարք հնարավորինս արագ լուրը հաղորդելու համար:   

Արագությունը դարձել է լրագրության ոսկե կանոնը, որը չի դրվում հարցականի տակ: Չի դրվում, քանի որ չի դրվում: Քանի որ մշակույթն է այդպիսին: Ասել է թե՝ արագությունը մեր ավանդական արժեքն է:

Առաջինը լինելու համար պետք է լինել ոչ թե մրցակիցներից, այլ Ֆեյսբուքից ավելի արագ

Այսրոպեականության մշակույթը առաջինը լինելուն այլընտրանք չի թողնում: Բայց սոցիալական ցանցերի դարում առաջինը պետք է լինի ոչ թե մրցակիցներից, այլ Ֆեյսբուքից ավելի արագ: Պարզ չէ սակայն, թե ինչպես:

2018 թվականի նոյեմբերի 14-ին Civilnet-ը հաղորդել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին: Նույն լուրը հրապարակեց «Երկիր մեդիան», hraparak.am-ը և այլն: Հոդվածները Թանդիլյանի ֆեյսբուքյան ստատուսի վերատպումն էին՝ առանց որևէ հավելյան տեղեկության: Լրատվամիջոցները, առհասարակ, հաճախ են վերահրապարակում ֆեյսբուքյան գրառումները: Ամենահաճախ վերատպվողը, թերևս, Նիկոլ Փաշինյանի գրառումներն են:

Այսպիսի վերատպումները բնորոշ են սեփական բովանդակություն չարտադրող և հաճախ ապատեղեկատվության հարթակ հանդիսացող սունկ կայքերի համար, որոնք հրապարակում են ոչ միայն հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, այլև սովորական օգտատերերի գրառումները:

Եթե սունկ կայքերը ստատուսները վերատպում են «քլիքերի» համար, ապա լրատվամիջոցները նույնն անում են այսրոպեականության կարծրացած մշակույթի պատճառով: Ամենաարագը լինելու ավանդույթն է, որ թույլ չի տալիս վերանայել մոտեցումը, չնայած որ դժվար թե շատ մարդ այցելի որևէ լրատվական կայք կարդալու այն, ինչն առանց այդ էլ հայտնվելու է նրա ֆիդում՝ նույնիսկ եթե նա Փաշինյանի էջը հավանած 530,000 օգտատերերից մեկը չէ:

Տեղեկությունը մասնակի հայտնելը արագ է: Բայց ոչ ավելի արագ, քան ֆեյսբուքյան գրառումը

Մարտի 22-ին «Հետքը» հաղորդեց, որ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Նույն լուրը հայտնեցին aysor.am-ը, news.am-ը, և այլն: Լրատվականները, սակայն, չէին հաղորդում թե ո՞վ է Սուսաննա Սաֆարյանը: Եվ քանի որ Google-ը առաջին հերթին նույնանուն երգչուհու կենսագրությունն է գտնում, ընթերցողին մնում է պատառ-պատառ հավաքել տեղեկությունները՝ մի տեղից պարզել, թե որտեղ է աշխատել Սաֆարյանը նախկինում (ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում), մյուս տեղից՝ թե ինչու է ազատվել աշխատանքից կոմիտեի նախկին նախագահը (ընտրվել է պատգամավոր):

Նոր նշանակումների մասին սակավ տեղեկություններ պարունակող նորությունները պարբերաբար հրապարակվում էին հետհեղափոխական առաջին ամիսներին, երբ նշանակումները շատ էին, իսկ ժամանակը՝ քիչ: Հաճախ այս հոդվածները, ինչպես Զբոսաշրջության կոմիտեի նախագահի մասին լուրը, սահմանափակվում էին անուն ու ազգանուն հայտնելով, և առանց լրագրողական հմտությունների հեշտ չէր պարզել՝ թե ո՞վքեր էին այդ նոր պաշտոնյաները:  

Տեղեկությունը մասնակի՝ առանց համատեքստի և նախորդող իրադարձությունների շարանի հայտնելը արագ է: Բայց ոչ ավելի արագ, քան որևէ պաշտոնյայի կամ նախարարության ֆեյսբուքյան գրառումը:

Ֆեյսբուքին կրկնելը հավասարության նշան է դնում լրատվամիջոցի և սոցցանցի միջև

Մոլորակի միջին վիճակագրական բնակիչը օրական երկու ժամից ավել անց է կացնում սոցցանցերում: Լրատվականների համար այս թիվը կարող է լինել այսրոպեականության մշակույթով թելադրված մրցավազքի մեջ մտնելու խթան: Իսկ կարող է լինել ավանդույթները վերանայելու ազդակ:

Պաշտոնյաները, հասարակական գործիչները, տարատեսակ կազմակերպությունները ուղիղ՝ առանց միջնորդների կապի միջոց ունեն լսարանի հետ, որը ակտիվորեն օգտագործում են: Եվ քանի որ այս ուղիղ կապով նորությունները տարածվում են շատ ավելի արագ, քան ցանկացած միջնորդ-լրատվամիջոցով, վերջիններս կարիք ունեն առաջարկելու հավելյալ և տարբերվող տեղեկություն:

Ամերիկյան Axios-ը համատեքստ է ներկայացնում նույնիսկ ամենակարճ լուրերի հաղորդագրությունների դեպքում

Հենց այս րոպեին ֆեյսբուքում արդեն տարածված լուրը չկրկնելով, լրատվամիջոցը կկարողանա ջանք ու ժամանակ տրամադրել այդ լուրի համատեքստը գտնելու, ընդհանուր պատկերը ներկայացնելու, վերջապես՝ առավել ու առավել պահանջված դարձող պատշաճ վերլուծություն առաջարկելու համար:

Լրատվամիջոցի՝ ֆեյսբուքի հետևից կրկնողի դերը թույլ չի տալիս հստակ տարբերակել լրատվականը ու սոցցանցը և հավասարության նշան է դնում դրանց միջև: Սա վատ չէ 2 միլիարդից ավել մարդ միավորող Ֆեյսբուքի, բայց շատ վտանգավոր է անհամեմատ ավելի փոքր լսարան ունեցող լրատվամիջոցների համար:

Կարինե Ղազարյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?