Քարոզարշավը Հանրայինի եթերում՝ չորս ֆորմատով

23.11.2018, Ընտրություններ 2018

Լրագրող

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն հարցազրույցներ ու բանավեճեր։ Արդեն եթեր հեռարձակվող երկու քաղաքական հաղորդումներին կգումարվի ևս երկու ֆորմատ։ Այս մասին Media.am-ի հետ զրույցում հայտնեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը։

«Այսօր իրականում» հաղորդաշարը, որ եթեր է հեռարձակվում «Լուրեր» լրատվականի հիմնական թողարկումից հետո, կհյուրընկալի ԱԺ արտահերթ ընտրություններին գրանցված քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարների հետ, հարցազրույցի ֆորմատով։ Իսկ քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում մեկ օր, դա հավանաբար կլինի դեկտեմբերի 6-ը, եթերում կկազմակերպվի բանավեճ՝ կրկին առաջին համարների մակարդակով։

«Դա կլինի երկար հաղորդում։ Մենք կարծում ենք, որ քաղաքական լիդերները երեք հիմնական թեմաների շուրջ պետք է արտահայտվեն, դրանք են՝ արցախյան հարց և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, մարդու իրավունքներ՝ լայն առումով։ Դրանք մեր երկրի համար կենսական նշանակության հարցեր են, որոնց շուրջ տեսակետները հանրությունը պետք է լսի քաղաքական ուժերի լիդերների շուրթերից», - ասաց Պետրոս Ղազարյանը։  

Նոյեմբերի 25-ից, որը քարոզարշավի մեկնարկային օրն է, յուրաքանչյուր օր եթերում կլինի բանավեճ՝ որևէ չորս ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բոլոր ուժերը քարոզարշավի ընթացքում 3-5 անգամ կհասցնեն մասնակցել բանավեճի։

Կուսակցություններն ու դաշինքներն են որոշելու, թե ցուցակից ովքեր մասնակցեն բանավեճին։

Հանրայինի եթերում կա ևս մեկ քաղաքական հաղորդաշար՝ Արմեն Դուլյանի «Խաղի կանոնները», որի շրջանակներում նույնպես բանավեճեր կլինեն։  

Բանավեճերի և հարցազրույցների վերաբերյալ հրավերներ ուղարկվել են բոլոր քաղաքական ուժերին։ Պետրոս Ղազարյանն ասաց, որ որոշ լիդերներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունն այսպես ասած գլխավոր բանավեճին։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանություններ

Աշոտ's picture
Հանրայինում դեռ կա "Օրակարգ"-ը թե "Լուրեր" է պարզապես?
Gegham's picture
Կիրակի օրերը Օրակարգ է
Gegham's picture
այո, Լուրեր է... ուղղեցինք, շնորհակալություն

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?