Դրոնի օգտագործման վտանգները

11.04.2019, Նյուսրում

Լրագրող

Լրատվական կայքերը սկսել են իրենց աշխատանքներում ավելի հաճախ դրոններ օգտագործել: Մասսայական միջոցառումների ժամանակ այն դարձել է կարևոր գործիք, հատկապես ուղիղ հեռարձակում ապահովող լրատվամիջոցների համար:

Դրոնով նկարահանումներն օգտագործում են նաև հետաքննական նյութերի համար:

Լրագրողական այս նոր գործիքի օգտագործումը հաճախ հարցեր է առաջացնում մասնավոր սեփականության պաշտպանության, ավիացիոն անվտանգության կոնտեսքստում:

Դրոնը մասնավոր տարածքներում

«Հետքը» դրոն օգտագործող հայաստանյան խմբագրություններից մեկն է: Կայքում հետաքննական ծավալուն որոշ նյութերի մեջ օգտագործվում են թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրեր: Դրանք ավելի շատ նյութի մատուցման համար են, քան փաստերի ստուգման:

Կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն ասում է, որ խմբագրությունը դրոն ունի, սակայն նկարահանում անում են միայն անհրաժեշտության դեպքում, երբ նյութերի համար պետք են կադրեր մեծ մասշտաբ ունեցող հողակտորներից, ջրավազաններից, առանձնատներից:

Առանձնատների դեպքում, ըստ լրագրողի, դրանց պարիսպները թույլ չեն տալիս այլ կերպ նկարահանել և ցույց տալ գույքի ամբողջ մակերեսը. «Անձնական տարածք մտնելու գիծը ճիշտ տեղում պետք է դնել: Եթե գույքը պատկանում է շարքային քաղաքացու, որը հանրային դեմք չէ, ապա ընդհանրապես իր գույքին մոտենալու և դա հանրայնացնելու անհրաժեշտություն չկա: Եթե խոսքը պետական պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անհատի գույքի մասին է, ապա անձնական տարածքը սահմանող գիծը շատ է նեղանում»:

Տիրայրը բացատրում է, որ իրենք այնպես են նկարահանում, որպեսզի տարածքում անձին նույնականացնել հնարավոր չլինի, այսինքն՝ նկարահանվում և հրապարակվում են կադրեր, որով  հնարավոր է նույնականացնել բացառապես գույքը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տնօրեն Շուշան Դոյդոյանն ասում է, որ դրոնով նկարահանման ժամանակ տեսագրության մեջ հայտնված մարդիկ չպետք է նույնականացվեն, եթե իհարկե հանրային միջոցառումների կամ իրադարձությունների ակամա ականատեսը չեն եղել:

Խնդիրն ավելի է բարդանում մասնավոր արտադրական տարածքների նկարահանման ժամանակ, նախկինում լրագրողին արգելում էին տեսախցիկով և լուսանկարչական ապարատով նկարահանում անել: Հիմա երբ արդեն օգտագործվում է դրոն և տեսականորեն հնարավոր չէ խուսափել նկարահանումից, հնարավոր են վեճեր:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնեսյանն ասում է, որ դրոնով տեսանկարահանումները թույլատրելի են բոլոր այն դեպքերում, երբ չկա անձնական, ընտանեկան տվյալների հավաքագրման և օգտագործման նպատակ:

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է տեսանկարահանման հիմնական կանոնների ու սկզբունքների մասին ուղեցույց: Ըստ որի, մասնավոր տարածքներում նկարահանում իրականացնելիս շատ կարևոր է նպատակը: Այն պետք է արդարացված լինի:

Տեսահսկման համակարգը պետք է տեղադրվի այնպես, որ հնարավորինս քիչ տարածք վերահսկելով հնարավոր լինի հասնել հետապնդվող նպատակին: Տեսաձայնագրում իրականացնելիս տեսահսկողը պարտավոր է հիմնավորել տեսաձայնագրման անհրաժեշտությունը: Դա վերաբերում է ինչպես մասնավոր ընկերություններին ու անհատներին, այնպես էլ լրատվամիջոցներին:

Անվտանգութան հարցեր

Դրոնը թռչող սարք է և կարող է վտանգավոր լինել օբյեկտների և մարդկանց կյանքի համար: Ըստ Իոնեսյանի, կարելի է կարգավորումներ ունենալ ավիացիոն անվտանգության ոլորտում: «Անվտանգության գործոնը հաշվի առնելով կարելի է մտածել նաև մասսայական միջոցառումների, հանրահավաքների ժամանակ դրոնով նկարահանում անելու հնարավորություն տալ այն մասնագետներին, ովքեր ունեն այն վարելու վկայական»,-ասում է նա:

Տեսականորեն դրոնը կարելի է  խոցել կամ վնասել։ Դանիել Իոնեսյանն ասում է, որ նման դեպքը կդիտարկվի որպես լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում և կգործի քրեական օրենսգիրքը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?