Ինչո՞վ է տարբերվում Շանթի կամ Հ1-ի լրագրողը այլ լրագրողներից

23.11.2018, vox populi

Առաջին հայացքից կարող է թվալ, որ հարցը տրամաբանական չէ, քանի որ ցանկացած լրագրող, որ լրատվամիջոցն էլ որ նա ներկայացնի, պարտավոր է ենթարկվել բոլոր գրված և չգրված օրենսդրական նորմերին ու կանոնադրություններին և իրավունք ունի գործել լրագրողների համար սահմանված իրավունքների և պատասխանատվությունների շրջանակներում:

Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ:

ՀՀ Անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանի բնորոշմամբ՝ «կենտրոնական» հեռուստաընկերությունների լրագրողներն ունեն բացահայտ առավելություններ՝ մնացած լրագորղների նկատմամբ:

Նոյեմբերի 22-ին Անվտանգության Խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Արմեն Գրիգորյանը մամլո ասուլիս տվեց Մոսկվայում ՀՀ դեսպանատանը:

Ասուլիսը կազմակերպել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը և ՀՀ ԱԽ գրասենյակը, ներկա էին հայկական հեռուստաընկերությունների լրագրողներ, ասված է տեքստում:

 

Կից հրապարակված լուսանկարում քարտուղար Արմեն Գրիգորյանն է և Հանրային Հեռուստաընկերության լրատվական թողարկման սեփական թղթակիցը Մոսկվայում:

ԳԱԼԱ հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Գոռ Ալեքսանյանը վերոհիշյալ ֆեյսբուքյան հրապարակման տակ հարց ուղղեց, թէ ի՞նչ սկզբունքով էին ընտրվել միայն Երկիր Մեդիա, Հանրային և Շանթ հեռուստաընկերությունների մոսկովյան թղթակիցները, ինչին հետևեց ՀՀ ԱԽ մամլո խոսնակ Արեգ Քոչինյանի հետևյալ պատասխանը, որ «ընտրվել են կենտրոնական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները»:

Նախ կուզեի հասկանալ, ի՞նչ ասել է «ընտրվել»:

Ի՞նչ կարելի է հասկանալ ընտրովի լրագրող հասկացության տակ և կրկին՝ ինչո՞վ են տարբերվում  «կենտրոնական» հեռուստաընկերությունների լրագրողները մյուսներից և ինչպես են նրանք անցել այդ քասթինգը, իսկ մյուսները՝ ոչ:

Այս հարցին անձամբ ես կարող եմ ունենալ երկու ենթադրության:

Եթե շարունակում ենք ինֆորմացիան ընտրովի հիմունքներով տարածելու շատ վաղեմի և շատ վատ ավանդույթները, ապա դա այլ խոսակցություն է:

Իսկ եթե պատճառը պրոֆեսիոնալ մոտեցման բացակայությունն է, սա նույնպես, մխիթարող չի, սակայն, երևի թէ շտկման շանսեր ունի:

Ուրեմն, եթե պաշտոնյայի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ անվանում ենք մամուլի ասուլիս, ապա այդ ասելու և լսելու իրավունք ունեն  բոլոր այն լրագրողները, որոնք ոչ մի կերպ չեն մեղադրվում լրտեսության համար:

Եթե այդ հանդիպումը հարցազրույց է (ինչն, անկեղծ ասած կարելի է ենթադրել կից հրապարակված լուսանկարից՝ մեկ լրագրող և պաշտոնյա, դեմ առ դեմ նստած), ուրեմն այդպես էլ պետք է ներկայացնել:

Իսկ եթե րագրողական բոլոր ժանրերից դուրս ընտրված այս ձևաչափի նպատակը զուտ Արմեն Գրիգորյանի Մոսկվա կատարած այցի հաշվետվությունը ներկայացնելն էր, ապա դրա համար գոյություն ունի մամուլի հաղորդագրություն, որի օգնությամբ կարելի է տարածել ցանկալի և ցանկացած ինֆորմացիա և ոչ թէ այդ նպատակի համար «ընտրվել» լրագրողների:

Վերջին տասը տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ռուսական մեդիամիջոցառումների հավատարմագրվելու և մասնակցելու և միայն հայկական պաշտոնական ընդունելությունների և միջոցառումների ժամանակ եմ հանդիպել «փակ ձևաչափ» հասկացությանը, որտեղ ներկա են լինում մի քանի ընտրված լրագրողներ:

Հարգելի մամուլի խոսնակներ, եթե միջոցառումը փակ է, ուրեմն այն պետք է փակ լինի բոլոր, անխտիր բոլոր լրատվամիջոցների համար, այլապես երեկվա երեխայի համար էլ պարզ է, որ այդ հիմնավորումը մամուլի ներկայացուցիչներին «մերոնքական» և «ոչ մերոնքական» բաժանելու սարսափելի սխալ քաղաքականություն է:

Եվ դա ոչ մի լավ տեղ չի հասցնելու առաջինը պաշտոնյաներին, երկրորդը՝ լրագրողներին:

Նաիրա Բաղդասարյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?