Մահվան ու հաշվեհարդարի ոչ ֆեյք սպառնալիքներ

09.04.2019, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Զինվորական համազգեստով մի մարդ Ֆեյսբուք սոցիալական ցանցով մարդասպանութամբ է սպառնում։ Նա ներկայանում է «Արծիվ 30 մահապարտների» ողջ անձնակազմի անունից։ Կադրում նա է, հետևի պլանում՝ եռագույնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը։

Այս մարդու խոսքի առիթը ապրիլի 5-ին ԱԺ-ում մարդու իրավունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն է։

Մարդը սպառնում է տրանսգենդերներին․ «Մենք իսկական հայերս, մահապարտի երդում տված մարդիկ, մեր ազգի և ժողովրդի և պետության նվիրյալ զինվորներս խոստանում ենք, որ հնարավորինը կանենք, որ դրանք ազատ չշնչեն։ Հարգելի իշխանություններ, դուք չեք պատկերացնում հիմա մեր կատաղության չափը դրանց վրա։ Մեզ մարդասպան չսարքեք։ Որովհետև երբ որ հանկարծ դրանցից մեկնումեկին սատկացնենք, հետո չգաք ու չասեք ինչի համար սենց եղավ»։

Կամուֆլյաժով այդ մարդը կոչ արեց հաջորդ օրը հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ պարզելու, թե ո՞ր պատգամավորն է թույլատրել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մուտքը ԱԺ։

Հաջորդ օրը մարդատյացության ցույցի մասնակիցների մեջ մեկ այլ մարդ կար՝ արդեն դանակով։

«Պատրաստ եմ բառիս բուն իմաստով ուտիլիզացնել»,- ասում է նա, սկզբում ձեռքի շարժումով է ցույց տալիս, թե ինչպես է ուտիլիզացնելու, հետո էլ իր դանակն է ցուցադրում որպես «ուտիլիզացիայի» միջոց։

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանն էլ մարդատյացության հավաքի մասնակից քահանայի հետ քննարկում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ կիրառվելիք հնարավոր պատիժները։ Քահանան առաջարկում է 4 տարով ազատազրկել, պատգամավորը սակայն, համաձայն չէ։ «Հրապարակում այրել էլ է պետք դրանց»,- ասում է Վարդան Ղուկասյանը:

Տրանսգենդերների, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ մահվան սպառնալիքների, մարդատյացության  այս ակնհայտ դրսևորումները հեռարձակվում են Ֆեյսբուքով, լրատվամիջոցներով։

Ընդհանրապես, ատելության խոսք, մահվան սպառնալիք հեռարձակելն արգելվում է։

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 22-րդ հոդվածն ասում է, որ արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել «ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու», «քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու», «բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակներով»։

Ինտերնետային եթերն էլ իր կարգավորումներն ունի։ Մահվան սպառնալիքը մահվան սպառնալիք է՝ ինչ հարթակում էլ այն արված լինի։ Ու լրատվամիջոցը պետք է աշխատի չտարածել այդ սպառնալիքը։

Մարդատյացների բողոքի ցույցը ուղիղ եթերում հեռարձակելու նպատակահարմարությունն էլ առնվազն քննարկելի է։ Սոցիալական ցանցերում էլ մահվան սպառնալիքի դեմ իրավական գործողությունները ոչ ոք չի վերացրել։

Ինչի՞ն են սպասում իրավապահները։ Կառավարության հաջորդ նիստի՞ն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրահանգի՞, որ իրենց անմիջական գործն անեն։ Այնպես ինչպես նա տվեց ֆեյքերի դեմ պայքարի մեկնարկը։

Նորագավիթի մաքսատուն այցի ժամանակ Փաշինյանը ֆեյքերի խնդրի մասին նորից է խոսել ու բացատրել իր մտահոգությունը բռնության կոչերի, ազգամիջյան ատելության քարոզի դեպքերով։

«Մեր հանրահավաքի օրը մեր սիմվոլներով էջը ասում է՝ դանակները վերցրեք հանրապետականներին սպանեք։ Հիմա եթե էդ օրը մի հոգու հանրապետականի մեկը մի հատ դանակով քերծեր, մենք կարո՞ղ էինք որևէ մեկին ապացուցել, որ էդ մենք չենք կազմակերպել։ Բա ի՞նչ է, թողնե՞նք անարձագանք։ Մեկ, երկու, երրորդ անգամ կարող է էդ բանը տեղի ունենա, չէ՞»,- ասել է Փաշինյանը։

Հիմա վարչապետը երևի պետք է իր այդ մտահոգությունը մի անգամ էլ հաջորդ կառավարության նիստին ձևակերպի (հատկապես, որ «Արծիվ 30 մահապարտներ»-ին ներկայացնող մահվան սպառնալիք տարածողի գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն էր) ու ասի՝ զբաղվեք սոցիալական ցանցերով մարդկանց սպանելու, վառելու կոչեր անողներով, որ զբաղվեն։

Իսկ եթե չասի՞։

Եթե իրավապահները Փաշինյանի ասելուց հետո կարողանում են մեկ օրում գտնել ու ձերբակալել Ֆեյսբուքի էջի ադմինին՝ ազգային-ռասայական խտրականության տարածման հիմքով, ոչինչ չի խանգարում նրանց մի քանի գործողություն կատարել ու զսպել ավանդական ու սոցիալական մեդիայով հորդացող մարդատյացության հեղեղը։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?