«Շենքը քանդում ես բուլդոզերով, իսկ կառուցում՝ ավելի նուրբ գործիքներով ու ավելի լավ մասնագետներով»

19.11.2018, Ընտրություններ 2018

Լրագրող, արվեստի քննադատ

Խորհրդարանական ընտրությունների շեմին շատ են մտահոգությունները, թե ինչպիսին են լինելու հաջորդ քայլերը, երբ Նիկոլ Փաշինյանի հետ կապվող հույսերն ու սպասելիքները վավերացվեն նաև ԱԺ-ում:

Քաղաքական մեկնաբան, լրագրող Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նոր իշխանությունների գործն է նաև այդ մտահոգությունները վերլուծելն ու դրանցից հետևություն անելը: Առավելևս, որ մոտենում է ոչ թե քանդելու, այլ կառուցելու պրոցեսը: Պետք է վերակառուցվի թե՛ քաղաքական, թե՛ լրատվական դաշտը, քանի որ դա է պետք պետության կայացման համար:

Շատ լրագրողներ կան պատգամավորական ցուցակներում: Դա նշան է, որ մեդիա դաշտը անհեռանկար ու անտե՞ր է:

Ոչ, դա դրա նշանը չէ: Լրագրողներն ու լրատվամիջոցների ղեկավարները այն խավն են, որը տեղեկացված է և քիչ թե շատ տիրապետում է քաղաքական իրավիճակին: Եվ անընդհատ է տիրապետել:

Երբ նայում եմ, օրինակ, «ՔՊ»-ի ընտրական ցուցակին, տպավորություն է, որ տեղի է ունենում էվակուացիա, որոշել են ցուցակ հավաքել և ձեռքի տակ առաջին պատահած մարդուն ափալ-թափալ մտցրել են ցուցակ:

Բայց նույնիսկ դա էլ ոչինչ: Ավելի վատ է այն տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը մատների արանքով է նայել այդ ցուցակին: Ինչը ենթադրում է, որ նա մատների արանքով է նայում ընդհանրապես խորհրդարանի դերին:

Այսինքն, միգուցե հաջորդ խորհրդարանը նա նույնպես ընկալում է որպես կոճակ սեղմողների խումբ: Ցավալի է, եթե այդպես է:

Իհարկե, դա պնդել չեմ կարող, քանի որ այդ ցուցակի 90%-ին չեմ ճանաչում, դատում եմ նրանցով, ում ճանաչում եմ:

Բայց գործող խորհրդարանում էլ լրագրողները քիչ չէին: Գուցե մտածել ու մտածում են, որ իրենց առջև դրված խնդիրները հնարավոր է լուծել ոչ թե լինելով լրագրող, այլ դառնալով պատգամավոր կամ կառավարման համակարգի մաս:

Քաղաքականությամբ զբաղվելու համար լրագրող լինելը թերություն չէ, ընդհակառակը՝ առավելություն է: Օրինակ, բժիշկն իր կյանքի ընթացքում շփվում է հիմնականում հիվանդների հետ, իսկ լրագրողը ունի առավելություն, նա շփվում է տարբեր ոլորտների հետ:

Լրատվամիջոցները Հայաստանում սնուցվում են ֆինանսական մութ աղբյուրներից, որոնք հիմա զգալիորեն կրճատվել են: Ի՞նչ կլինի, եթե ֆինանսավորողները շատ պակասեն: Կփնտրե՞ն նորերին:

Լրատվական դաշտը շփոթված վիճակում է: Կարծում եմ, իրենք էլ չգիտեն, թե ինչ է լինելու: Չէի ասի, որ սա նոր տիրոջ փնտրտուք է:

Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ եղել է լրատվամիջոցի ղեկավար, և բնականաբար, հիմա էլ որևէ լրատվամիջոցի ղեկավարի գրպանը թաքուն փող չի դնի և թույլ չի տա, որ դա անեն օլիգարխները:

Բայց կարևոր է հաջորդ քայլը, որը պետք է անի պետությունը՝ ապահովելով ազնիվ մրցակցություն: Այնպես, ինչպես պարտավոր է անել տնտեսական դաշտում:

Իհարկե, որևէ իշխանութան համար ազատ մեդիան ցանկալի չէ, քանի որ չեն ուզենա ազատ կամ ընդդիմադիր մամուլ սարքել: Բայց մարդը, որը մտածում է ոչ թե իշխանության, այլ պետության մասին, պիտի անի այդ քայլը: Եվ հենց սրանով է քաղաքական գործիչը տարբերվում պետական գործչից:

Հիմա հասնում ենք մի փուլ, երբ նոր իշխանությունները գրեթե բացարձակ աջակցություն են վայելելու: Նրանց սիրում են, նրանց կպատկանեն գործադիր և օրենսդիր իշխանությունները: Կլինե՞ն  ինքնասահմանափակման քայլեր:

Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է դառնալ պետական գործիչ, հաջորդ քայլը պիտի լինի հենց դա:

Հիմա ինքը մեծ ռեսուրս ունի ու կարող է իրեն թույլ տալ շքեղություն՝ չվախենալու մրցակցությունից: Իսկ մեկ տարի հետո նրա 80%-ը կդառնա 50%: Այսինքն, եթե անի, հիմա պետք է անի, քանի որ հետո չի անի, կզգուշանա:

Սեփական լիազորությունների սահմանափակումը հո՞ չի լինում հրամանագրով: Եթե պետությունը ուզում է ոչ թե արհեստական, այլ ուժեղ ընդդիմություն ունենալ, պետք է ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորման ու անկախ լրատվամիջոցներին աջակցելու պայմաններ լինեն, հենց դրանով են իշխանությունները սահմանափակում իրենց լիազորությունները:

Միգուցե հիմա շատ ռոմանտիկ բան եմ ասում, բայց այս ճանապարհին այլընտրանք չկա:

Ավելի ճիշտ, կա, և դա «գրպանային» կուսակցություններն են և իբրև թե ընդդիմադիր լրատվամիջոցները:

Մենք դրա միջով անցել ենք: Դա վատ ավարտի է հասցնում և՛ իշխանություններին (ինչպես տեսանք Սերժ Սարգսյանի դեպքում), և՛ պետությանն ընդհանրապես:

Չես կարող ունենալ քաղաքական մենաշնորհ և պայքարել մյուս բոլոր մենաշնորհների դեմ:

Բայց ինչպե՞ս փողը պիտի հոսի լրատվական դաշտ:

Իդեալական տարբերակում լրատվամիջոցներին ֆինանսավորում է հասարակությունը, ինֆորմացիա սպառողը: Մեր դեպքում դա բարդ է, հայերեն ասած՝ մարդկանց ձեռքը փող չկա, օրենքները անկատար են (ասենք, գովազդի մասին), բիզնեսի վրա ճնշումներ են:

Այս իրավիճակում լրատվամիջոցներին պետք է աջակցի պետությունը: Չգիտեմ՝ ինչպես: Պատկերացում չունեմ, թե ինչպիսի մեխանիզմներով, միգուցե դա հնարավոր է անել՝ քննարկելով լրատվական հանրույթի հետ:

Պետք է օգնել, որ որակյալ արտադրանք թողարկող լրատվամիջոցը զարգանա: Եվ դա պիտի արվի ոչ թե ստվերային ձևերով, այլ հրապարակային: Այնպես, ինչպես հրապարակվում են պետբյուջեի մնացած ծախսերը:

Օրինակ, պետությունը դոտացիա է տրամադրում հիվանդանոցներին, և մենք դրա մասին գիտենք: Իսկ ինչո՞ւ լրատվամիջոցների աջակցությունը պիտի լինի թաքուն:

Հիմա ի՞նչն է մտահոգիչը:

Ես մտահոգիչ բան չեմ տեսնում, բայց տեսնում են մտահոգության սաղմեր: Նոր ԱԺ-ում իրական ընդդիմություն չի լինելու, իրական ընդդիմությունը ձևավորվելու է դրսում:

Միգուցե դա լա՞վ է, ուժեղանալու է քաղաքացիական հատվածը:

Իհարկե, լավ չի: Քաղաքական իրավիճակը բացառիկ է. հասարակության մի մասը գոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, իսկ մյուս մասը՝ դժգոհ: Բայց նույնիսկ այն մասը, որը դժգոհ է, իր հույսերը կապում է ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլի հետ:

Սա, իրոք բացառիկ իրավիճակ է, նաև ժամանակավոր: Կգա մի պահ, երբ մարդիկ կասեն՝ չհասկացանք, կարծես թե պետք է հույսներս կապենք ուրիշների հետ:

Այդ պահը հաստատ գալու է, և այդ ժամանակ մենք պետք է ունենանք կամ նորմալ, առողջ ընդդիմադիր բևեռ, կամ նոր «Սասնա ծռեր», կամ էլ՝ արտագաղթի նոր ալիք:

Խնդիրն ա՞յն է, որ ընտրությունները ոչ միայն արտահերթ, այլև հապճեպ էին, նոր կուսակցությունները չհասցրեցին ձևավորվել կամ վերաձևափոխվել:

Խնդիրը ոչ թե հապճեպությունն է, այլ այն, որ ընտրությունները անցնելու են համաձայն հին օրենսգրքի, որն ունի բազմաթիվ թերություններ: Մի բան է, երբ ընտրում ես կուսակցությանը, և ուրիշ բան, երբ ընտրում ես թաղի տղային, ընկերոջը կամ «մեր լավ ախպոր ախպորը»: Երկրորդի մեջ քաղաքական բաղադրիչ չկա, մինչդեռ խորհրդարանը թիվ մեկ քաղաքական մարմինն է:

Կա՞ն նշաններ, որ կլինի ավելի լավ կառավարման պլան:

Հարցն այն է, թե ինչ կառավարություն կլինի ընտրություններից հետո: Հիմա հինը քանդելու պրոցես է, սարքելու պրոցեսը սկսվելու է ընտրություններից հետո: Իսկ դրանք տարբեր գործիքակազմ են պահանջում:

Շենքը քանդում ես բուլդոզերով, իսկ շենք կառուցելու համար պետք են ավելի նուրբ գործիքներ ու ավելի լավ մասնագետներ: Ի վերջո, բուլդոզերով նոր տուն չես կառուցի: Հինը քանդեցին, տեսնենք, թե ինչպես կկարողանան կառուցել:

Եթե պիտի կառուցեն այն մարդիկ, որոնք քանդում էին, վատ է: Բայց հույս ունեմ, որ այդպես չի լինի:

Նիկոլ Փաշինյանի հիմնական առավելությունն այն է, որ Հայաստանում չկա մի մարդ, որը կարողանա նրան խաբել (ինչպես ինքն է ասում): Համենայնդեպս, հին համակարգը քանդելու համար նա ամեն ինչ ճիշտ է արել: Հիմա տեսնենք, նորը սարքելն էլ է ճի՞շտ անելու, թե՞ միակ նպատակը հինը քանդելն էր:

Իսկ նույն այդ մոտեցմամբ, լրատվամիջոցների ղեկավարները կարո՞ղ են  ձգտել ունենալու նոր, ավելի ազատ մամուլ, թե՞ պետք են ավելի նուրբ մասնագետներ:

Եթե ցանկություն ունենան, կարող են, քանի որ գլխավոր խմբագիրները ամեն ինչ գիտեն լրատվության մասին: Այսինքն, գիտեն թե՛ լավ , թե՛ վատ լրատվամիջոց սարքելու ձևերը:

Եղել է որոշակի հասարակական կամ հովանավորների պահանջ, և նրանք արել են այն, ինչն իրենցից ուզել են: Կան կադրեր, որոնք գիտեն անել տարբեր բաներ:

Օրինակ, լավագույն ոստիկանները նախկին «ջեպկիրներ» են, որոնք գիտեն գողությունների բոլոր հնարքները, բայց դառնալով ոստիկան՝ իրենց գիտելիքները օգտագործում են ուրիշ բան անելու համար:

Նախկինում մոտ 300 հազար մարդ ներառվել է ինչ-որ հանցագործությունների մեջ (կամա թե ակամա), բայց դա չի նշանակում, որ բոլորին պետք է ջնջել: Պետք է լինեն ինչ-որ չափորոշիչներ, պայմանական կարմիր գիծ, որը, իհարկե, չի ամրագրվի օրենքով, բայց կգործի:

Կան բաներ, որոնք պետք է ներել, և կան բաներ, որոնք ներել չի կարելի:

Տագնապալի չի՞...

Իհարկե, տագնապալի է: Այդ մտահոգությունը շատերն ունեն: Վստահ եմ, որ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, բայց միգուցե ժամանակ չունի դրանով զբաղվելու:

Ինձ թվում է, վիճակն այսպիսին է. Նիկոլը առավոտից իրիկուն զբաղված է՝ մեկնում է տարբեր երկրներ, հանդիպում, քննարկում, պակաս զբաղված է իր նեղ շրջապատը (15-20 հոգին), որից ամեն մեկն իր մտերիմներին ու ծանոթներին հավաքում է ու լցնում իշխանական դաշտ:

Գալու է մի պահ, երբ Նիկոլը շրջվելու է ու տեսնելու, որ անձամբ իր շրջապատից իշխանական համակարգում մարդ չկա, փոխարենը՝ կան իր շրջապատի շրջապատները: Տեսնելու է, որ չունի հենարան, քանի որ նա ժամանակ չուներ հավաքելու իր թիմը, իսկ իր կողքիններից յուրաքանչյուրը դա արդեն արել է:

Դա դառնալու է խնդիր, քանի որ թուլանալու է պետական համակարգը: Ո՞վ կլինի մեղավոր, եթե դա տեղի ունենա:

Երևի շարժմանը հավատարիմ լինելը դեռ առաջնային է:

Որպես կանոն, մարդուն հավատարիմ լինում է շունը: Մարդը հավատարիմ է լինում ոչ թե մարդուն, այլ գաղափարին, նպատակին, ծրագրին: Ենթադրենք, որ Նիկոլի շուրջը կան մարդիկ, որոնք հավատարիմ են անձամբ իրեն: Եվ ի՞նչ: Եթե Նիկոլն իր ծրագրերը փոխի, շարունակելու՞ են հավատարիմ լինել:

Իրականում, «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը շատ լավն է, մարդիկ հավերժ կերպով չեն ձուլվում կուսակցության հետ, այլ որոշակի ժամանակով են համագործակցում, անկախ անձերից:

Այսինքն, կողմերը ունեն պարտավորություններ: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը դա հասկացել է, ուրեմն մյուս բաներն էլ է լավ հասկանում և ունի նույն այն մտավախությունները, որոնք մենք ունենք:

Իհարկե, վստահ չեմ, բայց լավատես եմ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?