Ես «Ա1+»-ցի եմ

02.04.2012, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Ես երեւի լրագրող չէի լինի, եթե չլիներ «Ա1+»-ը։ 1999-ն էր, բանակից էի եկել։ Մասնագիտությամբ օպտոէլեկտրոնիկ եմ։ Ֆիզիկայով զբաղվելու հեռանկար այն ժամանակ չունեի։ Ու ընկերներիցս Հրանտը գրեթե ստիպելով ինձ տարավ «Ա1+»։ Եղբայրս՝ Վարդանը, արդեն այնտեղ էր աշխատում ու ինձ ուժերս փորձելու հնարավորություն տվեցին։

Ուսանողական տարիներին հոդվածներ գրել էի ու նույնիսկ մի անգամ էլ վիդեո ռեպորտաժի համար փորձնական տեքստ գրելու առիթ էի ունեցել։ Բայց նկարահանում, օպերատորի հետ թիմային աշխատանք, «ռասկադրովկա», նյութը մոնտաժողի հետ աշխատանք ու վերջապես ձայն կարդալ (էս մեկը մինչեւ հիմա էլ իմ թույլ կողմերից է) լրիվ նորություններ էին ինձ համար։

Առաջին ամսին կասկածում էի, թե կշարունակեմ լրագրողական աշխատանքս, բայց ստացվեց էնպես, որ սկսեցի սիրել նոր մասնագիտությունս։ Ձգտում էի սովորել ընկերներիցս։ Ռուզանից սովորել եմ նկարահանման վայրում ուշադիր լինել, նկատել բոլոր հնարավոր մանրուքները, Սեդայից սովորել եմ տեսանյութը մոնտաժելիս ճիշտ ընտրել առաջին կադրը, Լիլիթից սովորել եմ ավելի լավ աշխատել տեքստի հետ, Մեսրոպ Մովսեսյանից սովորել եմ հեռուստալուրը հասկանալի ու պարզ կառուցել։ Բոլորից էլ սովորել եմ ու շատ գոհ ու շնորհակալ եմ էտ փաստով։ Բայց ինձ երեւի ամենաշատը օգնել է «Ա1+»-ի դե յուրե պրոդյուսեր, դե ֆակտո ոգի Սուսաննան։

Հետո եղան 99-ի խորհրդարանական ընտրությունները, Հոկտեմբերի 27-ը, Պողոս Պողոսյանը…

Երեւի էս մասին հազարավոր անգամներ ասվել ու գրվել է, բայց ես գրելու առիթ չեմ ունեցել։ Իմ կարծիքով այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ա1+»-ին, այսպես ասած, չներեց երկու բան՝ Հոկտեմբերի 27-ն ու Պողոս Պողոսյանի դեպքը։ Քոչարյանը չէր կարող հանդուրժել այն ազատությունը, որ Հոկտեմբերի 27-ի օրերին եթերում ուներ «Ա1+»-ը։ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող մոռանալ, որ հենց «Ա1+»-ն էր, որ հեռուստանյութերով, քննարկումներով թույլ չտվեց քնեցնել իր թիկնապահի, կողմից «Առագաստ» սրճարանում իրականացրած սպանությունը։

Ու 2002-ի ապրիլի 2-ից «Ա1+»-ն այլեւս եթեր չունի։ Ապրիլի 2-ն ինձ համար Հայաստանում հեռուստաեթերը հնազանդեցնելու օրն է, սեւ կետ մեդիա օրացույցում։

Չգիտեմ, երեւի կլինի մի օր, երբ «Ա1+»-ն էլի կունենա այն լսարանը, ինչ ուներ 2002-ին։ Չեմ ասում եթեր կունենա, քանի որ ժամանակի ընթացքում եթերային հաճախությունների դերը նվազում է։ Ու չգիտեմ, էտ օրը կլինի՞ Հայաստանում ազատ մեդիայի օր։ Ես ուղղակի կմնամ «Ա1+» -ցի։ Այնպես, ինչպես «Ինտերնյուսում» 9 տարվա աշխատանքից հետո էլ ինձ շատերը գիտեն՝ «Ա1+»-ի Գեղամ։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?